Ամանորյա հավաքույթ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ամանոր, Միջոցառում | January 4th, 2012

Հունվարի 4-ին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները միասին նշեցին Ամանորը: Միջոցառմանը ներկա էին շուրջ 50 մուսալեռցիներ:
Հավաքույթն անցավ ակտիվ և ուրախ մթնոլորտում, ողջ ընթացքում չդադարեցին երգն ու պարը: Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին բազում ճանաչողական և հումորային խաղեր և մրցույթներ, որոնց հաղթողները երիտասարդական թևի վարչության կողմից ստացան փոքրիկ նվերներ:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի վարչությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Սարգիս և Նորա Շիրիկյաններին ամանորյա հավաքույթի նպատակով սիրահոժար կերպով սրահը երիտասարդներին տրամադրելու համար:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ամանոր | December 30th, 2011

Ավարտին մոտեցավ ևս մեկ տարի` ետևում թողնելով բազում իրադարձություններ:
2011թ. սկզբին մեծ շուքով նշվեց երիտասարդական թևի 2-րդ տարեդարձը, ստեղծվեց պաշտոնական լոգոն, ինչպես նաև տեղի ունեցավ 3-րդ ընդհանուր ժողովը, որտեղ ընտրվեց 7 հոգանոց նոր վարչություն:
Սույն տարում բանկում բացվեց երիտասարդական թևի հաշվեհամար` նախատեսված հանգանակությունների համար: Տեղի ունեցավ արշավ դեպի Տաթև, Քարահունջ և Նորավանք: Երիտասարդական թևը այս տարի առաջին անգամ մասնակցություն ունեցավ Ամանորյա տոնավաճառին, իսկ տարեմուտին կազմակերպեց Ձմեռ Պապի հերթական այցելությունը Օշական և Մասիսի շրջանի Նորամարգ գյուղեր:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը մեծ մասնակցություն ունեցավ Մուսա Լեռան հերոսամարտի 96-ամյակի տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքներում: 2011թ. երիտասարդական թևում գրանցված մուսալեռցիների թիվը հասավ 150-ի:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի վարչությունը շնորհավորում է բոլոր մուսալեռցիների և, առհասարակ, բոլորի Ամանորը և Սբ. Ծնունդը` մաղթելով խաղաղություն, երջանկություն, շատ սեր ու բարություն և բեղմնավոր աշխատանք: Թող 2012-ը լինի նոր ձեռքբերումների և առաջընթացի տարի:
Ձմեռ Պապը այցելեց գյուղեր
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ամանոր, Այց | December 18th, 2011

Դեկտեմբերի 18-ին մուսալեռցի Ձմեռ Պապը այցելեց Օշական և Մասիսի շրջանի Նորամարգ գյուղեր: Հարյուրավոր երեխաներ ստացան ամանորյա նվերներ և ուրախ ու հիշարժան ժամանակ անցկացրին Ձմեռ Պապի հետ:
Միջոցառումը կայացավ Գաբրիել Փանոսյանի և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ջանքերով:
Երիտասարդական թևի վարչությունը խորին շնորհակալություն է հայտնում Նարդուհի և Սարգիս Փանոսյաններին` ձեռնարկը հովանավորելու համար:
Ամանորյա տոնավաճառ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ամանոր | December 11th, 2011


Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած ամենամյա Ամանորյան տոնավաճառին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը ունեցավ իր մասնակցությունը: Երիտասարդները ներկայացան երկու սեղանով` Մուսա Լեռան տոհմիկ ճաշեր և ձեռքով պատրաստված զարդեր ու այլ աշխատանքներ:
Առավոտից մինչև երեկո այցելուները համտեսեցին Մուսալեռան բացառիկ ճաշերը, այդ թվում` Պանրրը հուցը, Քաղկեն, Զիլիբիկը, Տահինով հացը, քյուֆթան և գառան մսից պատրաստված հարիսան:
Չնայած նրան, որ երիտասարդները առաջին անգամ էին մասնակցում տոնավաճառին, ձեռնարկն ավարտվեց հաջողությամբ:
Ավանդական ճաշերի պատրաստման համար «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը իր խորին շնորհակալությունն է հայտնում մուսալեռցի տիկիններին:
Վարչական բաց ժողով
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ժողով, Վարչություն | October 14th, 2011


Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի վարչական բաց ժողով: Ժողովին վարչության անդամներից բացի ներկա էին Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի և Այնջարի հիմնադրման 75-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավատյանը, Ֆրեզնոյի «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամներ, ինչպես նաև անհատ մուսալեռցիներ:
Ժողովի սկզբում վարչության խորհրդական Գաբրիել Փանոսյանը ներկայացրեց վարչության անդամներին և հյուրերին, ապա ատենապետ Հովհաննես Դերմիշյանը համառոտ զեկույց ներկայացրեց երիտասարդական թևի վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ:
Եսայի Հավատյանը ներկայացրեց Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի և Այնջարի հիմնադրման 75-ամյակի կենտրոնական մարմնի 10 կետերից բաղկացած հիմնարար նպատակները և հնգամյա ծրագրերի նախագիծը:
Որոշվեց աշխատանքները համատեղել. Լիբանանի և Հայաստանի մեջ կազմակերպչական աշխատանքերի կապը պահպանելու պարտականությունը հանձնվեց վարչության անդամ Աբրահամ Բալաբանյանին:
Ժողովի վերջում «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևին հյուրերը նվիրաբերեցին 600$, որից 500$-ը երիտասարդներին փոխանցվեց Ֆրեզնոյի «Մուսալեռ» հայրենակցական միության կողմից:









